«Երբ մնում ես տանը մենակ, կարդա գիրք։ Եթե գիրքը չես գտնում, փնտրիր համացանցում։ Կարդա, նկարիր, անգամ եթե չես կարող։ Զարգացի՛ր։»
Ճիշտ խոսքեր են, մայրս։ Տանը փակվելը մարմնի խոչընդոտ է, բայց ոչ հոգու։ Ինչպես ասվում է՝ հոգին կոտրվում է վերջում։ Կոռոնա վիրուսի պատճառով համաշխարհային կարանտինը չպետք է որպես ճաղեր ընդունվի։
Տանը մնալը ցույց է տալիս քեզ` քո ներքին ալարկոտին, աշխատասեր մեղվին, նկարչին, գրողին և այլոք։ Դու սկսում ես ինքդ քեզ ճանաչել և հասկանալ, սիրել և գուցե ատել սեփական բնավորության գծերը։ Գեղարվեստը ամենալավ օգնականը կլինի այսպիսի խոր հոգեվիճակը մեղմելու համար։
Ես ընտրել եմ ընդարձակ մեծ սենյակը առավոտյան մարզանք անելու համար։ Դրանից հետո անում եմ դասերս, առանձին պարապմունքի վարժությունները և լսում եմ կլասիկ երաժշտություն։ Ռախմանինովը, Մենդելսոնը, Սենս ֊ Սանսը և Բեթհովենը իմ սիրելի երգահանների խմբի անդամ են դարձել ։ Չեմ նկարում՝գրում եմ ։
Գիրքս «Ընկած տերևների ծառուղի» է կոչվում։
Այն պատմում է Վալենթայն ազգանունը կրող հավատացյալ ընտանիքի մասին, որն ապրում է Անգլիայում։ Մայրը աշխատում է մատուցողուհի Ուիտստաբլի բարերից մեկում, հայրը`ատաղծագործ։
Գրքի գլխավոր հերոսներից մեկը`Ջոնաթան Վալենթայնը ուսանող է և հաճախ մնում է տանը առանց ծնողների, սեփական վարորդի և դայակի հետ։ Քույրը` Ալիսիան վեց տարեկան էր, երբ, կուլ տալով յուղածաղիկ , թունավորվում է։ Նրա մոտ գալիս է հրեշտակ, Վինսենթ Վարիան անունով։ Նա, լինելով սովորական կնոջ որդի և մահու կողմից մեծացրած, փրկում է աղջկան և վերադառնում է տարիներ անց…
Գիրքս դեռ կիսատ է, բայց, հուսով եմ, լավ ավարտ կունենա։
Պետք է պատրաստ լինել ամեն ինչին և անել ամեն ինչ անգործ չմնալու համար։ Պետք է զբաղվել և մի փոքր էլ ճնշել մտքերի կուտակումները գլխի մեջ նոր մտքերով։
«Եթե ուզում ես փրկել աշխարհը և դարձնել այն ավելի լավ վայր, նայիր քեզ հայելու մեջ և փոխիր դա»։
