«Շորոր» տեսակի պարերի շարժումները դասվում են նմանակող, արտահայտչական շարժումներին, որոնց օգնությամբ ցանկանում էին բնութագրել վերոհիշյալ այս կամ այն թռչունի շարժումները։ «Շորոր» տեսակի պարաձևի կապը ճոճվող, տատանվող թռչնի քայլքի, մասնավորաբար կաքավի քայլքի հետ, շատ վառ նկատվում է «սորոր տալ» բայի բացատրությունում՝ «քայլել ինչպես կաքավ»: «Սորոր»-ը և «Շորոր»-ը, ըստ երևույթին, նույնն են։ Ենթադրվում է, որ սորորիկ կոչվող թռչունը կաքավն է։
Հայկական շատ պարերում տեղաշարժերի փոխարեն հանդիպում են մարմնի ծանրություն-հենարանի տեղափոխումներ (փոխանցումներ) մի ոտքից մյուսը:
Քայլ-տեղաշարժերը նույնպես տեղափոխումներ են, ավելի ճիշտ՝ մարմնի ծանրություն-հենարանի անցումներ մի ոտքից մյուսը, բայց դրա համար համապատասխան ազատ ոտքը նախապես կտրվում է գետնից, ապա, դրվելով իր տեղը կամ իր նախորդ դիրքի համեմատ անհրաժեշտ ուղղության և հեռավորության վրա, ընդունում է մարմնի ծանրություն-հենարանը և դառնում է հիմնական (հենարան) ոտք:
Այսուհետ ճոճել կկոչենք հենարանի այնպիսի փոխադրումը, որի ժամանակ ազատ ոտքը, դառնալով հիմնական, նախօրոք չի կտրվում գետնից, չի տեղաշարժվում: Ընդ որում, նախկինում հիմնական (հենարան), բայց ծանրությունից ազատվող ոտքը մարմնի ծանրության փոխադրման պահին․
ա) նույնպես չի տեղաշարժվում, չի պոկվում գետնից, բայց կարող է փոխադրվելով (անցնելով) ոտնաթաթին, կրունկին, իջնել ողջ ներբանին,
բ) գետնից կտրվում է:
«Շորոր» պարաձևերը XIX դարի սկզբից ստացան կենցաղային բնույթ՝ երբեմն պահպանելով միայն որոշ ավանդական ծիսականություն։ Այդուամենայնիվ նրանցում շարժումների տրամադրությունը շարունակում է մնալ հանդիսավոր:
