«Վեր» արմատը կամ «վերանալ» բայը նշանակում է ձգտել դեպի վեր, բարձրանալ, աճել։ Այսպիսի ուրախ, ցնծալի պարերի առաջնորդները կոչվել են «վերվերիչներ», որոնք պետք է իրենց բարձր թռչելու արվեստով օրինակ ծառայեին մատաղ սերնդի աճի հմայման հարցում։
«Վեր-վեր» տեսակի պարաձևի նմուշներից մի քանիսում ձեռքերը բռնում են ուսերից՝ ուս-ուսի, որի ժամանակ պարողներն իրենց թաշկինակները՝ «յայլուխները», ամրացնում են գոտկատեղից։ Պարաշրջանը ձեռքերով փակելը կարող էր կրել նաև նմանակող բնույթ, քանզի այսպիսի շուրջպարը վերաբերվում էր նաև աստղերի պաշտամունքին։ Աստղերի հետ էր կապված պտղաբերությունը երկրի վրա, ինչպես նաև պսակի ձևը։ Պարը բաղկացած է 2 հատվածից՝ դանդաղ «ծանդըր» և արագ:
Դանդաղ հատվածի պարային քայլերն են.
- աջ ոտքը դրվում է դեպի աջ
- ձախ ոտքը խաչվելով անցնում է աջ ոտքի վրայով
- աջ ոտքը կրկին դրվում է դեպի աջ
- խաղում է ձախ ոտքը, ապա դրվում է դեպի ձախ
- խաղում է աջ ոտքը
Արագ հատվածի պարային քայլերն են.
- ձախ ոտքի վրա կատարվում է թռիչք և աջ ոտքը դրվում է դեպի աջ
- ձախ ոտքը խաչվելով անցնում է աջ ոտքի վրայով
- երկու ոտքով թռիչք է կատարվում դեպի աջ
- խաղում է ձախ ոտքը
- երկու ոտքով թռիչք է կատարվում դեպի ձախ
- խաղում է աջ ոտքը
«Վեր-վեր» տեսակի պարերն ու պարերգերը շատ են տարածված Հայաստանի բոլոր շրջաններում: «Վեր-վեր», «Վերվերի» կամ «Վերվերուկ» պարատեսակը, որի հիմքում ընկած է «երկու գնալ, մեկ դառնալ» պարաձևը, հայկական պարերի շատ ինքնատիպ տեսակ է: Նրանում տեղ գտած քայլերն ու թռիչքները հարթ հետագիծը վերածում են ոլորանի: Այս տեսակ պարերը առնվազն երկու մասից են կազմված, իսկ երբեմն՝ երեք, չորս և ավելի: Ժողովուրդն այսպիսի պարերի առաջին մասը, ըստ տեմպի, բնութագրվում է որպես դանդաղ` «ծանդըր»: Մեծամասնությամբ «Վերվերի» պարերը մաժորային են` կենսուրախ: Տրամադրությունը նրանցում ուրախ է, երբեմն՝ կատակային:
